Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է ծննդյան տոների ժամանակահատվածում կառավարական զորքերի կողմից ռազմական գործողությունների միակողմանի դադարեցման մասին, հայտնում է Reuters-ը:

Նա նույնպիսի քայլ է ակնկալում «Նոր ժողովրդական բանակ» (ՆԺԲ) ապստամբ խմբավորման կողմից, որի դեմ պայքարում է:

Կառավարական զորքերը հարձակողական գործողությունների չեն մասնակցի դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը: Խմբավորումը դեռևս չի պատասխանել:

Նախօրեին Դուտերտեն հայտարարել էր, թե ցանկանում է, որ ժողովուրդը տոներն «առանց սթրեսի» անցկացնի:

ՆԺԲ-ն, որի կազմում 4 հազար գրոհային կա, 1960-ական թվականների վերջից պայքարում է կոմունիստական գաղափարախոսությամբ ինքնուրույն պետության ստեղծման համար: Կառավարական զորքերի դեմ խմբավորման ռազմական գոծողությունների հետևանքով ավելի քան 40 հազար մարդ է զոհվել: