Կամչատկայում Բեզիմյաննի հրաբուխը ծովի մակարդակից 17 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել և նոր ժայթքում սկսել, որը 2017 թվականին արդեն երրորդն է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԳԱ Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին:


«Բեզիմյաննի հրաբուխը արտանետել է ծովի մակարդակից 15-17 կմ բարձրությամբ մոխիր: Հրաբխի կտրուկ ակտիվացումը սկսվել է դեկտեմբերի 18-ին, հարավարևելյան լանջին նկատվում է շիկացած լավայի հոսք, մեծացել է սեյսմիկ իրադարձությունների քանակը, սաստկացել է գազագոլորշային գործունեությունը: Այսօր Բեզիմյաննին սկսեց ժայթքել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Բեզիմյաննի հրաբուխը Երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, 2017-ին այն 2 անգամ ժայթքել է՝ մարտին և հունիսին: Բեզիմյաննիի բարձրությունը 2 հազար 882 մետր է: