Կարդինալ Բերնարդ Լոուն, ով 2000-ականների սկզբին հայտնվել էր հոգևորականների սեռական ոտնձգությունների սկանդալի կենտրոնում, 86 տարեկանում մահացել է Հռոմում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Լոուն 1984 թվականին նշանակվել էր Բոսթոնի արքեպիսկոպոս, սակայն ստիպված էր 2002-ին պաշտոնից հեռանալ քաղաքի հոգևորականների դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքներով մի շարք հայցերից հետո: 2003-ին Բոսթոնի թեմը համաձայնվել էր 85 մլն դոլար վճարել 552 անձանց, որոնք հոգևորականների զոհն էին դարձել: Բոսթոնի թեմը սնանկության եզրին էր, բայց նախընտրել էր վաճառել իրեն պատկանող անշարժ գույքը, որպեսզի գործը դատարան չհասնի:

ԱՄՆ կաթոլիկ եկեղեցում մանկապիղծ հոգևորականների գործողությունների մերկացման սկանդալը բռնկվել է XXI դարի սկզբին: ԱՄՆ տարբեր քաղաքներում մեղադրանք է ներկայացվել ավելի քան 3 հազար հոգևորականի: 2002 թվականից հայցերի կարգավորման ընդհանուր արժեքը ԱՄՆ կաթոլիկ եկեղեցու համար ավելի քան 300 մլն դոլար է կազմել: