Քալիֆորնիայի տարածքում 2 շաբաթից ավելի փոթորկվող բնական հրդեհի մակերեսն անցել է 1100 քառ.կմ-ից: Արդյունքում՝ այն դարձել է նահանգի արդի պատմության մեջ երկրորդ խոշորագույն հրդեհը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Քալիֆորնիայի Անտառների պաշտպանության և հակահրդեհային պահպանության վարչությունից:

Գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 4-ին Վենտուրա շրջանում բռնկված հրդեհը, որը «Թոմաս» է անվանվել, ներկայումս հաջողվել է մեկուսացնել 55 տոկոսով:

Իշխանությունների կանխատեսմամբ՝ «Թոմասն» առաջիկա օրերին իր մասշտաբով ռեկորդաին կդառնա: Քալիֆորնիայում ամենախոշոր հրդեհը գրանցվել էր 2003 թվականին Սան Դիեգոյի մոտ: Այն ընդգրկել էր 1106 քառ.կմ-ից մի փոքր մեծ մակերես և խլել 15 մարդու կյանք:

«Թոմասն», ըստ էության, Քալիֆորնիայի հարավում բռնկված անտառային հրդեհներից միակն է, որը շարունակում է լուրջ վնասներ պատճառել, մնացյալ 5 օջախները հաջողվել է լիովին մեկուսացնել:

«Թոմասի» պատճառած վնասը արդեն անցնում է 137 մլն դոլարը: Վենտուրա և Սանտա Բարբարա շրջաններում այն ոչնչացրել կամ վնասել է 1,2 հազար շենք ու կառույց: Կրակի դեմ պայքարում է մոտ 8 հազար հրշեջ, տարհանվել է մոտ 100 հազար մարդ: