Այսօր՝ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց․

«Հանքերը շահագործելուց հետո շահագործողը պարտավոր է բաց հանքերը փակել և վերադարձնել սովորական օգտագործման հուն»:

Նա նշեց, որ ռեկուլտիվացիոն վճարների հետ կապված 500 մլն դրամ հավաքագրելու խնդիր կա։

«Ինչո՞ւ չի հավաքագրվել, ինչ պետք է անել, որ սահմանված կարգով վճարվեն այդ գումարները», - հարցրեց վարչապետը հարցը ներկայացնող Բնապահպանության նախարար Էդիկ Գրիգորյանին:

Վերջինս պատասխանեց, որ այդ տվյալները ներկայացվել են իրավապահներին, հավաքագրման գործընթացն իրականացնելու համար:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հավելեց, որ խոսքը 300 մլն դրամի մասին է.

«Օրենքով սահմանված կարգով 90-օրյա ժամկետ է տրամադրվում, որ այդ գումարները վճարեն, դրանից հետո կդադարեցվի իրենց կողմից շահագորման լիցենզիան: Գործընթացն սկսված է, զգուշացումներն ուղարկված են այդ կազմակերպություններին»: