ԱԺ-ում 2017թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Կրթության և գիտության նախարարության ոլորտի հաշվետվության ներկայացումից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ նախարարը կոռուպցիայի մասին չխոսեց, բայց փոխարենը ինքը կխոսի, քանի որ որևէ կոմպլեքս չունի:

«Տարիներ շարունակ պետության կրթական ոլորտը նստած է եղել կոռուպցիոն թմրասեղի վրա», - ասաց նա և նշեց՝ միլիոնավոր դրամների դրամաշնորհներ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի համար են տրամադրվում, մսխվում են, գումարներ են հատկացվում երեխաների հանգստի համար, սակայն այդ գումարները գրպանվում են և այլն:

Կոչ չեմ անում հրապարակում կախաղան դնել ու կախել, բայց եթե պատասխանատվություն չեն կրելու և պետք է գանք, հավաքվենք, ասենք, խոսենք, գնանք ամեն մեկս մեր գործերով՝ որևէ բան չի ստացվելու», - ասաց նա: Փոխանցում է tert.am-ը։

Նաիրա Զոհրաբյանը նաև բարձրաձայնեց «Այբ» դպրոցի խնդիրը և խնդրեց հիմնավորել, թե ինչո՞ւ են բյուջեից այդքան հսկայական գումարներ փոխանցում այդ դպրոցին․

«Ես վերլուծում եմ՝ չեմ հասկանում, եթե հասկացել եք, ասեք խնդրեմ»։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անտեղի համարեց մեղադրանքը, թե կոռուպցիայի մասին չի խոսում, քանի որ ինքն այն նախարարներից է, որ թերևս ամենաշատն է խոսել դրա մասին՝ Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահ լինելով, լավ իմանալով բոլոր այդ սխեմաները:

Նախարարը հաստատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար նախորդ իշխանություններին տրվել են տասնյակ միլիոնների դրամաշնորհներ, մինչդեռ «կրթական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ»:

«Մենք այլևս նման նպատակի համար գումար չենք հայցի, դրանք փոխարինվելու են, մենք դրամի կարիք չունենք կոռուպցիայի դեմ պայքարի համար, մեր կամքը դրան բավարար է», - ասաց նա:

Ինչ վերաբերում է «Այբ» դպրոցին, ապա նախարարն ասաց, որ խնդիրը շատ է շահարկվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Տեր Մեսրոպ Արամյանի կողմից, որի գործունեությունը կրթության ոլորտում Հարությունյանը բացասական էր որակել և խոսել «Արարատյան բակալավրիատի» խնդրի մասին:

«Խնդիրը կրթական ոլորտի տոտալ էլիտարիզացումն էր, խմբեր, որոնք բավական լավ գիտելիք ունեցող երեխաներին հավաքագրում են, ինչը նվազեցնում է մյուս դպրոցների դերն ու կշիռը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ դուրս ես հանում լավ աշակերտներին, ուսուցիչներին, կրթական մթնոլորտը թուլանում է: Սա է եղել իմ հիմնական պրետենզիան, հետո արդեն դրամական միջոցների արդյունավետությունը», - ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այսօր շատ ավելի հրատապ հարցեր կան, իրենք կոնկրետ «Այբ»-ի «Արարատյան բակալավրիատում» մոնիտորինգ են անցկացնելու և առաջիկայում դրանց արդյունքները կհրապարակեն: