Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը Թբիլիսիի քաղաքացիներին ու հյուրերին կսպասարկի անվճար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության նիստում։

Ավելի վաղ Կալաձեն ասել էր, որ դեկտեմբերի 31-ին մետրոն ուղևորներին կսպասարկի ողջ գիշերվա ընթացքում: Բացի այդ, կհատկացվեն հատուկ ավտոբուսներ, որոնք ուղևորներին կփոխադրեն մինչև ամանորյա համերգների անցկացման վայրեր: «Մենք հայտարարել ենք, որ մետրոն կապահովի ուղևորների անվճար փոխադրումը: Ավտոբուսների ծառայությունները նույնպես անվճար են լինելու:

Նրանք, ովքեր կցանկանան ուղևորվել Գլդանի, Վարկետիլի ու Եվրոպայի հրապարակ և ներկա լինել համերգներին, կարող են դա անել ինչպես մետրոյով, այնպես էլ ավտոբուսներով»,-հավելել է Կալաձեն: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Թբիլիսիի տարբեր շրջաններում սկսել են գործել ամանորյա տոնավաճառներ: Գլդանի-Նաձալադևիի, Դիդուբեի, Վակե-Սաբուրթալոյի և Իսանի-Սամգորիի շրջաններում տոնավաճառները տեղավորվել են 16 վայրերում: Դրանք գործելու են մինչև հունվարի 14-ը: Թբիլիսիում արդեն զգացվում է Նոր տարվա շունչը. մայրաքաղաքի փողոցներում միացրել են ամանորյա լուսավորությունը:

Քաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելու պողոտայում խորհրդարանի շենքի մոտ տեղադրված երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառել են դեկտեմբերի 15-ին: Ազատության հրապարակում Սուրբ Գեորգի արձանը, ավանդույթի համաձայն, զարդարել են լուսավառ կոնստրուկցիայով, որը հեռվից եղևնի է հիշեցնում: Քաղաքագլուխ Կախա Կալաձեն խոստացել է, որ Ամանորի կապակցությամբ տոնական միջոցառումները հիրավի ժողովրդական են լինելու և մեծ մասամբ անցկացվելու են մայրաքաղաքի ծայրամասերում՝ Գլդանիի և Սամգորիի շրջաններում, ինչպես նաև Թբիլիսիի պատմական մասում: