Զինված ուժերի զարգացումը ԿԺԴՀ-ին թույլ է տվել դառնալ մի պետություն, որն ունակ է անմիջականորեն միջուկային սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգներին:

Ինչպես դեկտեմբերի 22-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատանքային կուսակցության սկզբնական կազակերպությունների ներկայացուցիչների ժողովում: «Մեր հանրապետության միջուկային զինված ուժերի սրընթաց զարգացումը վերջին ժամանակներս մեծ ազդեցություն է գործում համաշխարհային քաղաքականության կառուցվածքի և ռազմավարական իրադրության վրա:

Մեր հանրապետությունը վերածվել է ռազմավարական պետության, որն ունակ է անմիջական միջուկային սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ին, և աշխարհում ոչ ոք դա չի կարող ժխտել»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը: Կիմ Չեն Ընը նաև ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն այս առաջընթացին կարողացել է հասնել՝ չնայած միջազգային պատժամիջոցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: