Գոյություն ունեցող շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել աշակերտի իրական հնարավորությունները։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Փոխանցում է news.am-ը։

«Գոհ չեմ այսօր գոյություն ունեցող շտեմարններից, որովհետև դրանք են գիտելիքի ստուգման ձևը, սակայն դրանք թույլ չեն տալիս բացահայտել աշակերտի իրական հնարավորությունները, թույլ չեն տալիս նրանց մոտ զարգացնել քննադատական-վերլուծական միտքը։ Հնարավոր է գիտելիք ստուգման այս ձևը զգալիորեն նվազեցնում է կոռուպցիան, բայց միևնույն ժամանակ թույլ չի տալիս վեր հանել աշակերտի իրական հնարավորությունները», - կարծիք հայտնեց նա։

Նախարարը նկատեց, որ այս տարի չեն կարող այդ առումով փոփոխություն կատարել, քանի որ մի քանի շաբաթ է մնացել քննությունների մեկնարկին․

«Որևէ փոփոխություն կարող է վտանգել ընդունելության քննությունները։ Բայց հաջորդ տարի այդ ուղղությամբ աշխատանք կտանենք»։

Խոսելով դասագրքերի ու ծրագրերի շուրջ առկա դժգոհությունների մասին՝ Արայիկ Հարությունյանը նկատեց․

«Մենք պետք է այնպիսի շրջանավարտներ ունենանք, որոնց մոտ այլ որակներ զարգանան, քան անգիրն է։ Նա պետք է կարողանա գաղափարներ արտահայտել, վերլուծել, քննադատել», - շեշտեց նա։