Ճանապարհային ոստիկանության ծառայողները շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ չեն օգտագործի ճանապարհային երթևեկության խախտումներն արձանագրելիս: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս չեն ապահովում «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու սահմանված պահանջը:

«Փաստորեն, խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության, ինչը չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից», - նշվում է նախագծում: