Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել մեքենաների տեխզննում իրակականացնող կազմակերպությունների կողմից խոշոր գումարներ հափշտակելու մասին։ Փոխանցում է «ՊանԱրմենիան»-ը։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվության, «Ավտոռեմե ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են կատարվել:

Ընկերությունները օգտագործելով «Տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման» լիցենզիան, 2015թ․-ի հունվարից մինչև 2018թ․-ի հունիս, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննում անցկացնող քաղաքացիների կողմից պետբյուջե կատարվող վճարման գումարներից ավտոմեքենաների տեխնիկական զննում կատարելու և կտրոն ստանալու համար նախատեսված, ըստ մակնիշների 5500-ից 10.500-ական դրամ գումարները հափշտակելու դիտավորությամբ, առանց քաղաքացիների մեքենաների փաստացի տեխնիկական զննում անցկացնելու, ապօրինի վարձատրվող «գործակալների» միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնների և արատորոշման քարտերի կազմման ու կնքման գործընթաց:

Դրանից հետո կազմակերպությունների տնօրենները նշված փաստաթղթերը որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող փաստաթղթեր, ներկայացրել են ֆինանսների նախարարություն և խաբեությամբ, չկատարված աշխատանքների դիմաց պետական բյուջեից հափշտակել խոշոր չափերի հասնող շուրջ՝ 1.031.330.000 դրամ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: