Էջմիածին քաղաքում քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր հացադուլ հայտարարած օգնականի` Արսեն Կարապետյանի հետ գիշերել է կենտրոնական հրապարակում: Այս մասին հայտնեց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը: Փոխանցում է news.am-ը։

«Մի քանի տասնյակ աջակիցների հետ քաղաքապետը մնացել է հրապարակում, գիշերը խաղաղ է եղել, ոստիկանները իրավիճակը հսկել են: Առավոտյան հրաժարական պահանջողները պետք է գային, որպեսզի հաշտության նստարանին նստեին, սակայն չեն եկել: Քաղաքապետը պատրաստվում է ժամը 12:00-ին գնալ մարզպետի հետ հանդիպման», - ասաց նա:

Էջմիածնի քաղաքապետի ընկերը՝ Արսեն Կարապետյանը, ով հացադուլ էր հայտարարել, նշեց, որ ժամանակավորապես դադարեցնում է հացադուլը, քանի որ մարզպետը կողմերին հաշտության կոչ է արել և հրավիրել հանդիպման։

Նշենք, որ այս պահին Էջմիածնի կենտրոնական հրապարակը փակ է քաղաքապետի աջակիցների կողմից, սակայն քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը գնում է մարզպետի հետ հանդիպման, իսկ իրենց հավաքը դադարեցնում են։

«Հանիդպումից հետո, եթե հարկ լինի, Արսեն Կարապետյանը կշարունակի հացադուլը», - ասել է քաղաքապետը: