Հայաստանի Ազգային ժողովը համաձայնություն տվեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու միջնորդությանը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: ՀՀ գլխավոր դատախազի այս միջնորդությանը կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր:

Նշենք, որ մինչ այդ ԱԺ-ն համաձայնություն էր տվել, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության նախօրեին տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաև երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր: