Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում համալսարանական հիվանդանոցը հունիսի 20-ից նվազեցնում է սրտի ստենտավորման գները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը։ Փոխանցում է news.am-ը։

«Բնակչության մեջ ինտերվենցիոն սրտաբանական ծառայություններից օգտվելու պահանջարկի ավելացման և վերոնշյալ ծառայությունները հանրապետությունից դուրս ավելի մատչելի պայմաններով ստանալու պատճառով, բնակչության շոշափելի արտահոսքը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության արդյունքում համալսարանական հիվանդանոցում կնվազեցվի սրտի ստենտավորման գները:

Համագործակցության հիմքում դրված էր մեկ նպատակ՝ բնակչության համար ապահովել ինվազիվ սրտաբանական ծառայության մատուցման մատչելիություն: Գների նվազեցումը կապված չէ որակի փոփոխության հետ. գները նվազում են՝ միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը:

Համագործակցության արդյունքում ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում սրտի ստենտավորման համար նոր գները կգործեն հունիսի 20-ից: Նշենք, որ 1 դեղապատ ստենտը նախկին 1.100.000 ՀՀ դրամի փոխարեն կարժենա 1.000.000 ՀՀ դրամ, 2 դեղապատ ստենտի արժեքը 1.550.000-ի փոխարեն կկազմի 1.450.000 ՀՀ դրամ, իսկ 3 ստենտի դեպքում հիվանդը կվճարի 1.900.000 ՀՀ դրամ, հին սակագնի՝ 2.000.000 դրամի փոխարեն», - ասված է ԵՊԲՀ հաղորդագրության մեջ։