ՀՀ քննչական կոմիտեին այս տարի կհատկացվի 46 մլն 668.3 հազար դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում՝ 20 մլն 7 հազար դրամ, ինն ամսում՝ 40 մլն 1400 դրամ։ Գումարը կուղղվի Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցնող քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթաթոշակ տրամադրելուն։ Հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստում։

Ըստ որոշման նախագծի՝ ակադեմիայի գործունեության նպատակներից են` դատավորների, դատախազների, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ դատավորի, դատախազի, քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը:

Մինչև փոփոխությունները, օրենքի համաձայն՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի վարձատրությանը համապատասխան կրթաթոշակ՝ 175.932 ՀՀ դրամ։ Մինչդեռ, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար մասնագիտական պատրաստման ընթացքում կրթաթոշակ ստանալու վերաբերյալ օրենքում դրույթ նախատեսված չէր:

2018թ․-ի հունվարի 17-ին ընդունվել է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-83-Ն օրենքը, որն ուժի մեջ է մտել 2018թ․-ի փետրվարի 17-ին, համաձայն որի՝ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար նախատեսվել է մասնագիտական պատրաստման ընթացքում կրթաթոշակ ստանալու հնարավորություն՝ հավասար պայմաններ ստեղծելով Արդարադատության ակադեմիայում ուսումնառող այլ ունկնդիրների հետ:

2018թ․-ի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կրթաթոշակ տրամադրվելու է ոչ միայն Արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցնող դատավորների, դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված, այլ նաև քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրներին (1 ունկնդրի համար՝ 111.115 ՀՀ դրամին համարժեք գումար):