Հուլիսի 24-ին հայ արտիստները, 60 տարվա ընդմիջումից հետո, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի հյուրախաղերով հանդես կգան Ռուսաստանի Մեծ թատրոնի պատմական բեմում։

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի գնահատմամբ, Ա․ Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադրությունը Ռուսաստանի Մեծ թատրոնի պատմական բեմում նշանակալի մշակութային իրադարձություն է։

«Խաչատրյանական փառահեղ երաժշտությունը, Մինասի դեկորացիաները, մեր նվագախումբը և, իհարկե, մեր հրաշալի արտիստների մասնակցությունը վստահ եմ, որ բալետային տոն կդարձնեն՝ հիասքանչ պահեր պարգևելով ռուսաստանյան հանդիսատեսին։ Անչափ կարևոր է նշել նաև այն փաստը, որ մեր բալետային թատերախումբը 60 տարի առաջ է ներկայացել Մեծ թատրոնի բեմում և հուլիսին տեղի ունենալիք «Գայանեի» ցուցադրությունն ինքնին արդեն անչափ կարևոր իրադարձություն է», - նշել է Կոնստանտին Օրբելյանը։ Փոխանցում է «Պանորամա»-ն։