Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ հայրենիք ու կատարել պարտքը հայկական բանակում, հետևողներ կան։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Կոչից հետո ունենք մոտ 300 զինծառայող այս պահին, որից նվազագույնը 156 հոգին նախկինում զինծառայությունից խուսափածներն են, ովքեր ներկայացել են ու պատրաստ են ծառայության», - լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ տվյալ զորակոչիկների համար նույն հավասար սկզբունքներն են, ինչ մնացած բոլոր զորակոչիկների համար։

«Որևէ խնդիր այս պահի դրությամբ չկա», - ասել է նա։

Դավթյանը նշել է նաև, որ ՀՀ զինված ուժերն ունակ են ապահովելու զինծառայողին այն ամենով, ինչը նախատեսված է կարգով։

«Եթե կլինեն դեպքեր, կիմանաք կոնկրետ դեպքեր, որ այս կամ այն զորամասը չի ապահովում զինծառայողին ինչ-որ բանով, մենք պատրաստ ենք շատ օպերատիվ արձագանքելու, որոշումներ կայացնելու, լուծումներ տալու», - ասաց նա։

Արտակ Դավթյանն ասել է նաև, որ վերջին օրերին ունեցել են ահազանգեր։

«Հինգ ահազանգից միայն մեկն էր, որը հաստատվեց՝ ինչ-որ խախտումներ կան, ոչ ամբողջ ծավալով, մենք շատ օպերատիվ ձևով արձագանքեցինք», - նշեց նա։