Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը հայտարարել է, որ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչև 2018թ․-ի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100.000 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ այս քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել ֆինանսական նոր ծառայություններից: Աշխատանքներ են տարվում նաև վարկային կազմակերպությունների հետ՝ նույնպիսի գործընթաց սկսելու համար:

Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ նշված 100.000 քաղաքացին այս գործընթացի արդյունքում վերադառնում է վարկային համաձայնագիրը ստորագրելու պահին եղած ստատուս քվոյին:

«Մոտ 100 հազար մարդ, որ չէր կարողանում նոր վարկ ստանալ վարկային վատ պատմության պատճառով, նրանց վարկային պատմությունն, այսպես ասած, կզրոյացվի և նրանք նոր էջից սկսելու հնարավորություն կունենան», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: