Գորիսում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել «Իմ քայլը» շարժման օրերից հայտնի դարձած «Դուխով» լոգոն չօգտագործել բուքմեյքերական ընկերությունների գովազդներում կամ պաստառներում:

Ելույթի ընթացքում նրան նվիրել են «Դուխով» գրությամբ գլխարկ, որն էլ ցույց տալով՝ Փաշինյանն ասել է, որ իրեն մտահոգում է այն, որ լոգոն օգտագործվում է բուքմեյքերական գրասենյակների կողմից։

«Ես այս գլխարկը դրեցի ու մի այսպիսի դիտարկում եմ ուզում անել, վերջին շրջանում, ցավոք սրտի, նկատում եմ, որ այս լոգոն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով, ինչին սկզբունքորեն դեմ չեմ: Բայց այն օգտագործվում է նաև բուքմեյքերական գրասենյակների կողմից: Սա ինձ շատ մտահոգում է և ես կոչ կանեի, որպեսզի նման նպատակներով չօգտագործվի, որովհետև առանց այդ էլ այդ բուքմեյքերական գրասենյակների, տարբեր խաղային ավտոմատների պատճառով բազմաթիվ պրոբլեմներ են առաջանում», - ասել է վարչապետը: