Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել», - գրել է պաշտպանը:

«7-ի գործը» մարտիմեկյան իրադարձություններից հետո 7 գործչի՝ Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի, Մյասնիկ Մալխասյանի ու Սասուն Միքայելյանի հանդեպ սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներով հարուցված քրգործն է, որը վարել է նույն Մնացական Մարտիրոսյանն, ով վարում է Մասիսի քաղաքապետի գործը։

Վերջինս մեղարդում է «Թավշա հեղափոխության» օրերին ցուցարարների հանդեպ բռնություն գործադրելու մեջ։