Իսրայելում հնագետները Լիբանանի հետ սահմանին գտնվող Ռոշ հա Նիկրա արգելոցում բացառիկ գիտարշավի ընթացքում դժվարամատչելի քարանձավից ավելի քան 2000 տարի առաջ թաքցրած գինու մեծ սափորներ, կավե սպասք եւ կերամիկայից պատրաստված այլ տարաներ են հայտնաբերել, հայտնում է Իսրայելի հնությունների վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հնագույն իրերի փրկությունը Ցֆատի ակադեմիական քոլեջի, Իսրայելի հնությունների վարչության, Իսրայելի քարանձավների ուսումնասիրման կենտրոնի եւ Իսրայելի քարանձավների ուսումնասիրողների ակումբի համատեղ աշխատանքն է: Հնագիտական գտածոների հայտնաբերման աշխատանքներում ներգրավված էին երկրի լավագույն մասնագետները, որոնք ծանր տեխնիկայի հետ միասին ստիպված էին պարաններով բարձրանալ 30 մետր դեպի ուղղաբերձ ժայռի մեջ գտվող քարանձավը:

Հնագետների առաջին տպավորության համաձայն՝ գտածոները պատկանում են հելլենիստական ժամանակաշրջանին՝ մ.թ.ա. III եւ I դարերի միջեւ, հայտնում է հնությունների վարչությունը՝ վկայակոչելով Դենի Սիոնի կարծիքը: Սիոնի խոսքով՝ հայտնաբերված տարաները վկայում են, որ մարդիկ մտադիր էին երկար ժամանակ թաքնվել քարանձավներում՝ այս տարածաշրջանում ինչ-որ վտանգավոր իրադարձություններից խուսափելու համար: Նա համոզված է, որ մանրազնին ուսումնասիրությունից հետո գիտնականներին կհաջողվի կապել գտածոները հայտնի պատմական իրադարձությունների հետ: