Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ-ի նոյեմբերից։

«Սիրելի քաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզնից յուրաքանչյուրին՝ գործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար», - ասել է նա հրաժարականի տեքստում: