Գործադիրը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Վահրամ Բաղդասարյանի՝ եկամտահարկի շեմը նվազեցնելու օրենսդրական նախաձեռնությանը. այն ընդունելու դեպքում, պետական բյուջեի եկամուտները կնվազեն 45-47 մլրդ դրամով: Նախագիծը քննարկվելու է կառավարության հուլիսի 10-ի նիստում:

Պատգամավորներն առաջարկել էին հարկային օրենսգրքում մինչև 500.000 դրամի համար սահմանել 20% եկամտահարկ՝ ներկայիս մինչև 150.000 դրամի համար 23% եկամտահարկի փոխարեն, և 25% եկամտահարկ՝ 500.000 դրամից ավելի եկամտի համար՝ ներկայիս 150.000-2 մլն դրամի 28% եկամտահարկի փոխարեն: Օրենքի նախագիծն առաջարկում էր նաև 2 մլն դրամից ավելի եկամուտ ունեցողների դրույքաչափը 36%-ի փոխարեն նույնպես 28% սահմանել:

Գործադիրի եզրակացության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ «ընդունելի են համարվում այն նկատառումները, որ եկամտային հարկի դրույքաչափերի բարձր լինելը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա և ստեղծել նախադրյալներ ֆիզիկական անձանց եկամուտների թերհայտարարագրման համար»:

«Թերևս հենց այդ նպատակով կառավարության ծրագրով ամրագրվել է տնտեսության իրական հատվածում ներդրումների կատարումը խթանելու նպատակով կապիտալի և եկամտի հարկումից աստիճանաբար սպառման հարկման վրա շեշտադրում կատարելու անհրաժեշտության վերաբերյալ ծրագրային դրույթը: Այդուհանդերձ, կարծում ենք, որ եկամտային հարկի գծով հարկային բեռի վերանայումը համակարգային փոփոխություն է, և հետևաբար, դրան պետք է անդրադառնալ եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում առաջացող ռիսկերի չեզոքացման հնարավորությունների տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում պետբյուջեի եկամուտների կորստին և դրա հետևանքով ձևավորվելիք հարկաբյուջետային անկայունության հնարավոր ռիսկերին, ինչպես նաև դրանց չեզոքացման հնարավորություններին», - նշվում է եզրակացության մեջ:

Հիշեցնենք, էր 2017 թվականին Ազգային ժողովը ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով մինչև 150․000 դրամ աշխատավարձ ունեցողներից պետությունը գանձում է 23% եկամտահարկ, նախկին 24,4%-ի փոխարեն, որը գործող Հարկային օրենսգրքով սահմանվում է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների համար:

150.000-2 մլն դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը սահմանվել էր 28%: Մինչդեռ նախորդ օրենքով 120.000 դրամից բարձր աշխատավարձ ունեցողներից պետությունը գանձում էր 26% եկամտահարկ, ինչը նշանակում է, որ 150.000-ից բարձր աշխատավարձ ունեցողները 2%-ով ավելի եկամտահարկ են վճարում: