Չինաստանի արդյունաբերության և ինֆորմատիզացիայի նախարարությունը պլանավորում է մինչև 2020 թվականը կարգավորել տնային տնտեսության համար ռոբոտների զանգվածային արտադրությունն ու կիրառումը, ինչպես նաև տարեցների և սահմանափակ հնարավորություններով մարդկանց բուժման, վերականգնման և օգնության համար ռոբոտների նմուշների թողարկումը։

Գերատեսչությունն ակտիվ ջանքեր է գործադրելու արհեստական ինտելեկտի հանգուցային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում կարևոր բեկման հասնելու համար: Ընդ որում՝ հատուկ ուշադրություն է դարձվելու տնային ռոբոտների մշակումների վրա, նշում են չինական ԶԼՄ-ները:

Տնային ռոբոտների արտադրության ոլորտում շեշտը դրվելու է այնպիսի կարևոր տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են՝ ինտերակտիվությունը, ինտելեկտուալ գործողությունները, մի քանի ռոբոտների փոխգործակցությունը, ինչպես նաև տունը հավաքելու, տարեցներին օգնելու, հիվանդների վերականգնման, սահմանափակ հնարավորություններով մարդկանց օժանդակման, երեխաների ուսուցման համար ստեղծված ռոբոտների մտավոր մակարդակի բարձրացման վրա:

Միաժամանակ պլանավորվում է առաջ մղել «խելացի» արտադրանքի ինտեգրված կիրառումը արդյունաբերության, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության բնագավառում և այլ ոլորտներում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: