Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին դեկտեմբերի 24-ին ներում է շնորհել երկրի նախկին ղեկավար Ալբերտո Ֆուխիմորիին, ով 25 տարվա բանտարկության էր դատապարտված մարդու իրավունքների խախտման, կոռուպցիայի և «մահվան հեծելավաշտերի» կազմակերպման համար: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Կուչինսկին որոշել է Ֆուխիմորիին ազատել մարդասիրական նկատառումներով. Պերուի նախկին նախագահը 79 տարեկան է, և բժշկական հանձնաժողովի եզրակացությունների համաձայն, նա տառապում է անբուժելի և աստիճանաբար սաստկացող հիվանդությամբ, որի դեպքում բանտում գտնվելը կարող է վտանգավոր լինել նրա կյանքի համար:

Ֆուխիմորին երկրի նախագահ է եղել 1990-ից մինչև 2000 թվականը: 25 տարի ընդհանուր տևողությամբ բանտարկության պատիժը նա ստացել է մի շարք դատավճիռներով. 25 մարդու սպանությունների կազմակերպման, կաշառքի, հեռախոսների ապօրինի գաղտնալսման և կաշառման համար պետական միջոցների օգտագործման համար: