Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է 2017 թվականի արդյունքներից:

«Մարմնամարզիկների համար 2017 թվականը հաջող էր: Մեդալների քանակով նախորդ տարին ավելի լավ էր, սակայն այդքան գոհ չէինք, որքան այս տարի: Մեր առաջադրանքն էր անեl այն, ինչ կարող ենք: Արդյունքները կարևոր են, բայց տղաների համար առավել կարևոր է, որ անեն՝ ինչ կարող են: Իմ միակ ափսոսանքը կապված է Եվրոպայի առաջնությանն Արթուր Թովմասյանի մասնակցության հետ: Քանի որ նա կարող էր արծաթե մեդալակիր դառնալ: Երիտասարդներն էլ լավ արդյունք գրանցեցին: Ես գոհ եմ»- ասել է Հ․ Սերոբյանը։

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով` վերջին տարիներին ուշադրությունը մարմնամարզության նկատմամբ մեծացել է: «Անկախ Հայաստանի պատմության մեջ մենք առաջին անգամ մասնակից ունեցանք նաև բազմամարտում: Այդ մարզիկն Արթուր Դավթյանն էր: Սակայն խնդիրն այն է, որ մենք, պայմանների բացակայության պատճառով, չենք կարողանում բարդացնել մեր վարժությունները: Հաջորդ տարվա մեր առաջին խնդիրը Եվրոպայի առաջնությանը թիմով մասնակցելն է: Պետք է վարկանիշ ձեռք բերենք, որ 2019 թվականի Եվրոպական խաղերին մասնակցենք թիմով: 2018 թվականը կլինի այլ կերպ, քան նախորդներն էին: Այլ կլինեն Հայաստանի առաջնության օրերը, քանի որ փոխվել են նաև աշխարհի առաջնության օրերը»,- ասել է Սերոբյանը:

Մարմնամարզիկները պլանավորում են հաջորդ տարի ուսումնամարզական հավաք անցկացնել Վրաստանում, որին կմասնակցեն նաև երիտասարդական թիմի անդամները: