Հարգարժան Լ. Մակունց. Կինոյում առկա խնդիրները բազում են, և իրավիճակը պահանջում է հրատապ լուծումներ : Այն, ինչ արվել է կինոոլորտում վերջին երեսուն տարիների ընթացքում, ասես լինի ՀՀԿ գործունեություն մութ սենյակում… Հայաստանի ազգային կինոկենտրոնը մաքսիմալ կոռումպացված այն կառույցներից է եղել, որի գործունեության մանրամասները հայտնի են կինոաշխարհում գրեթե բոլորին : Ամեն տարի կառավարության կողմից կինոյին հատկացվող բյուջեն մի քանի <<(հ)անճարի>> մեջ բաժանելը այս համակարգում սովորական երևույթ է, իսկ երիտասարդ կինոգործիչի` սեփական գաղափարն ու շնորհքը ցույց տալու համար աջակցություն չստանալը, ցավոք` աքսիոմ : Մի քանի տարի անընդմեջ նույն ռեժիսորին նույն ֆիլմի համար գումար տալը, բայց եւ այդպես էլ այդ ֆիլմի էկրանավորումը չտեսնելը վառ ապացույցն են այս խոսքերի : Առյուծի բաժինը <<ախպեր-ընկերներ>>-ով կիսելուց հետո երիտասարդներին այս պիցայի մնացորդներն են բաժին հասնում, իսկ հրամցնելիս էլ` <<վրայից կծելուց>> հետո միայն: Ես ունեմ շատ տաղանդավոր ընկերներ, ովքեր ֆիլմեր են նկարահանում` վարկ վերցնելով, քանի որ ոլորտի անլրջությունը նաև հովանավորներին է հուսախաբ արել, և ստացվում է այնպես, որ եթե կինոգործիչ ես, ուրեմն` դա քո <<պրոբլեմն>> է: Հարգարժան Լ. Մակունց, այն ֆիլմերը, որոնք նկարահանվել են այս տարիների ընթացքում, եղել են կամ մի թեմայի շուրջ, կամ կոմերցիոն նպատակներով արված էժանագին կոմեդիաներ: Որպեսզի այս պատկերը այլևս շարունակություն չունենա, անհրաժեշտ է նեետրալ կինո: Կինո, որը կունենա սյուժե, ինտրիգ, հետաքրքիր դրամատուրգիական լուժումներ, ոչ թե ինչ-որ օլիգարխի հաճույք, կամ` կինո չդիտող ազգի վրա վաճառվող ֆաստֆուդ: <<Ջինսե ժիլետ-ալկոհոլ-մորուք-սիգարետ >> կերպարով, անվերջ խոսող անգործունակ ռեժիսորի տեսակը արդեն պիտի լինի անցյալի վատ հիշողություն: Այս ամենի լուժումը մենք տեսնում ենք պետական կրթամշակութային կենտրոնների ստեղծման, կլանային կերուխումերի վերացման, կադրային լուրջ փոփոխություններ կատարելու եւ դաշտի բաց ու վերահսկելի գործելաոճի մեջ: Այն մարդիկ, ովքեր վերջին երեսուն տարում զբաղվել են ռեժիսուրայով, բայց արդյունք այդպես էլ չենք տեսել, արդեն ժամանակն է, որ զբաղվեն իրենց հարմար գործով եւ իրենց տեղը զիջեն ասելիք ունեցողներին: Մեծապես հավատալով Ձեր խոհեմությանն ու դարի զարկերակին համապատասխան մտածելակերպին` հույս ենք փայփայում մոտ ժամանակում տեսնել ու մասնակիցը լինել, Հայ Կինոյի և «Հայֆիլմի» նոր ժամանակաշրջանին: Մենք պատրաստ ենք:

Հարգանքներով` «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության համակարգող ` Հայկ Զաքարյան