Հայաստանյան վերջին իրադարձությունները, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջադրված մեղադրանքները, կարող են շրջադարձային դառնալ ՀՀ և ՌԴ հարաբերություններում: Նման կարծիք է հայտնել հայտնի ռուս տնտեսագետ, Հետինդուստրիալ հասարակության հետազոտությունների կենտրոնի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր, Վլադիսլավ Ինոզեմցևը:

Նա նշում է, որ թեև պաշտոնական Մոսկվան բավականին կոռեկտ նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ՀՀ-ին է պատկանում, դժվար է ենթադրել , որ Կրեմլում մեծ համակրանք են տածում ՀՀ ղեկավարության հանդեպ: Ըստ նրա, պատճառն այն է, որ հայ բարեփոխիչները ոտնձգություն են կատարել «թալանելու սրբազան իրավունքի» դեմ, որը բնորոշ է ամբողջ հետխորհրդային տարածքին, որտեղ ժողովրդին թալանելն ու անպատիժ մնալն իշխանության ներկայացուցիչների «բնական» իրավունքն է, գրում է «Էխո Մոսկվին»:

Ըստ Ինոզեմցևի, այդ իրավիճակը երեկ չի ստեղծվել, և նույնիսկ Պուտինի ազդեցությամբ չէ պայմանավորված: Ըստ նրա, առաջին հետխորհրդային 10-ամյակում նոր կարգը ամենուր ձևավորվեց, իսկ հետագա գործողությունները միայն դրա ամրապնդումը կարելի է համարել՝ քաղաքականությունը փողերին համարժեք դարձավ, իսկ շատ դեպքերում՝ նաև հանցավորությանը, և ՌԴ-ն այդտեղ բացառություն չի կազմում:

Կրեմլի «յուրային-օտար» համակարգը շատ լավ է տարբերակում թշնամիներին: ՀՀ նոր վարչապետը, որին թեկուզ և շաբաթը մեկ ընդունում են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, յուրային չի թվում: Մոսկվան խելամտորեն անտեսեց (գոնե առայժմ) իշխանության գալու նրա մեթոդը, բայց, վախենամ, Հայաստանի վերածումը ործող, ոչ կոռումպացված պետության, մրցակցային տնտեսությամբ, հասկանալի ընթացակարգով իշխանափոխության համակարգով, չի մտնում Կրեմլի պլանների մեջ: Մոսկվան կարող է չափազանց շահագրգռված լինել պահպանելու քաղաքական ու ռազմական ներկայությունն Անդրկովկասում և ինչ-որ բան կարող է պատրաստ լինել զոհաբերել հանուն դրա, բայց ոչ երբեք այն համակարգը, որը համարում է միակ ընդունելին իր համար:

Ինոզեմցևը նշում է, որ կապերը ՌԴ հետ, ոչ միայն ռազմաքաղաքական, այլ առաջին հերթին տնտեսական, չափազանց կարևոր են ՀՀ համար և Երևանում, ըստ հեղինակի, դա կարծես հասկանում են: Ըստ նրա, պետք է փորձել պահպանել այդ կապերը, սակայն պետք չէ հուսալ, որ ազնիվ քաղաքական գործիչը տեղ կունենա «կլոր սեղանի» մոտ, ուր նրան դեռ միայն թույլ են տվել մոտենալ: «Օտարի» հայտնվելու մասին ազդանշանը գուցե դեռ այնքան բարձր չի հնչում, բայց հասել է բոլոր նրանց, ում հասցեագրված էր: Մոսկվայում դեռ հուսով են, որ Փաշինյանը «հաշիվները կմաքրի» իր թշնամիների հետ (դա էլ է հետխորհրդային քաղաքականության ավանդույթներում) և կգնա այդ տարածաշրջանի առաջնորդների համար սովորական ճանապարհով: Բայց եթե դա չի մտնում ՀՀ նոր ղեկավարության պլանների մեջ, նա արդեն պետք է մտածի ապագայի մասին:

Ըստ հեղինակի, պետք է մտածել 2 հարցի մասին: «Մի կողմից առավելագույնս արագ տնտեսական բարեփոխումների (քանի որ պարզամիտ կլինի մտածել թե երկրի բոլոր խնդիրները կվերանան կոռուպցիայի հետ՝ նույնիսկ եթե արմատախիլ արվեն մենաշնորհները, դա չի չեղարկի ոչ զգալի դրամային փոխանցումների, ոչ էր ներմուծողներից կախվածության նշանակությունը) մասին, որոնք դեռ չեն էլ սկսվել, և, հավանաբար, մինչ նոր ընտրությունները չեն էլ սկսվի: Մյուս կողմից՝ մտածել էթնիկ պետության մոդելից նահանջելու մասին, երբ երկրի ղեկավարները հույսը դնում են սփյուռքի վրա, իսկ արտերկորւմ հանդիպում հիմնականում հաջողության հասած հայրենակիցների հետ, քանի որ եթե նոր ժողովրդավարական երկրին չհավատան բոլոր ազգությունների ներդրողները, երկիրն, ավաղ չի կարողանա գոյատևել ժամանակակից աշխարհում: Կհաջողվի՞ այս ամենը ՀՀ նոր ղեկավարներին: Ցանկալի է հավատալ: Բայց պետք չէ մոռանալ, որ այդ դեպքում նրանց չի հաջողվի յուրային մնալ ՌԴ քաղաքական վերնախավի համար»,-ասվում է հոդվածում: