Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

ԱԱԾ տնօրենը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջող և արդյունավետ աշխատանք մաղթել: Անդրադառնալով երկու երկրների միջև հաստատված ամուր համագործակցությանը՝ Վանեցյանը նշել է, որ այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև համագործակցությունն՝ է՛լ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները, ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Կոպիրկինը նույնպես կարևորել է երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարևորագույն ռազմավարական գործընկեր է:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և առավել սերտացնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջև համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով: