Սահմանապահ զորքերում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Այդ հարցը քննարկվել է օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր այցելության ժամանակ:

Այցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները, հայտնում է ԱԱԾ լրատվական կենտրոնը:

Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձավ առկա խնդիրներին:

Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշել է իր դիտողությունները և հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ:

Անդրադառնալով սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխություններին՝ տնօրենը շեշտել է, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին: