Հայաստանում գործող մոտ 10 առևտրային ընկերություն 2009-2017 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան 10 մլրդ դրամի տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումները չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ, հայտոնւմ է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։

Նշվում է, որ նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ ստուգվելու են առևտրային ընկերություններին փոխանցված գումարների տնօրինման, արդեն իսկ մատակարարված ապրանքների ընդունման և գործի համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները: Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկելու համար նշանակվելու են համապատասխան ստուգումներ և փորձաքննություններ, պարզաբանվելու են անօրինական գործարքներին մասնակցած անձինք և նրանց արարքներին տրվելու է քրեաիրավական գնահատական։

ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ ակտիվ գործակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: