ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն:

«Բնականաբար, վերջին զարգացումները (Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոների կիրառումը- խմբ.) մտահոգիչ են, բայց Հայաստանը շարունակում է բաց երկխոսություն վարել և իրանական, և գործընթացում ներգրաված բոլոր կողմերի հետ: Մենք ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և դրանցով պայմանավորված մեր դիրքորոշումը»,- ասել է Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով Կասպյան դաշինքին՝ Նաղդալյանը նշել է, որ այն վերաբերում է Կասպից ծովի ափամերձ հինգ պետության, և «հայկական կողմն այստեղ մեկնաբանելու շատ բան չունի»:

«Հայաստանը, բնականաբար, հետևում է բոլոր այն գործընթացներին, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն որոշակի ազդեցություն ունենալ մեզ վրա: Հետագայում կարվեն համապատասխան եզրակացություններ»,- ասել է Նաղդալյանը: