Միասեռականները ներխուժել են ոստիկանության բաժին. 2 ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16:30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր են ստացվել. մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել է, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք միասեռականներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկել ոստիկանություն:

Այսպես կոչված տուժած կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ են սկսել:

Իրավիճակը սրվել է, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս են եկել հարակից տների բնակիչները:

«Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց, սակայն նրանց հանդուրժողականությունը համարժեք չի գնահատվել և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվեց հիվանդանոց: Ոստիկանները կարգի են հրավիրել ոստիկանության բաժին ներխուժածներին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: