Կառավարության այսօրվա նիստից հետ լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է․

«Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բոլոր քաղաքացիներն, ովքեր կխախտեն Քրեական օրենսգիրքը, նրանք միշտ կհայտնվեն մեր թիրախում՝ կապ չունի բարձր պաշտոնյա է, բիզնեսմեն է, չգիտեմ, սովորական մարդ է, ով է՝ ով էլ լինի, իրենք պետք է բոլորն իմանան, որ ով կխախտի օրենքը, կհայտնվի մեր թիրախում՝ անմիջապես», - հայտարարեց Վանեցյանը։

Առաջիկայում սպասվող նոր բացահայտումների մասին ԱԱԾ տնօրենը նշել է.

«Առաջիկա բացահայտումների մասին երբեք չեմ ասելու։ Երբեք ոչ մի պարագայում առաջիկա բացահայտումների մասին ոչ մի տվյալ ոչ մեկին չեմ փոխանցելու»։

Անդրադառնալով ԱԱԾ-ի 100 օրվա աշխատանքին Վանեցյանն ասաց.

«Կարճ ինձ համար ամփոփել եմ 100 օրվա մեր աշխատանքը, մենակ մի տվյալ կարող եմ ասել, որ 2017թ․-ին պետական բյուջե վերականգնված գումարի չափը և այս հարյուր օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը մոտ 8-9 անգամ ավել է անցյալ տարվա ամբողջ տարվանը»։