«Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և Հայ իրավաբանական միության համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին կուսակցության ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաև ավագանու ավելի քան 50 թեկնածուն՝ մասնագիտական, մտավորական, կանանց և երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Եվրոպական ժողովրդական կուսակցության» դիտորդ անդամ Ժառանգություն կուսակցությունն ակնկալում է երևանցիների հետ կիսել Նոր Հայաստանի մայրաքաղաքի հիմնարար արդիականացման սեփական տեսլականը: Այս տարի Երևանը նշում է հնագույն նախնիի՝ Էրեբունու 2800-ամյակը, ինչպես նաեւ իր մեկդարյա հոբելյանը՝ որպես համայն հայության ժամանակակից քաղաքամայր: Մենք միանգամայն հպարտ ու հանձնառու ենք շարունակել ներկայացնել հանրային ծառայության մեր բաժին ավանդը՝ իբրև հայ ժողովրդի հաղթանակի ժառանգության մի մաս»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: