Արա Գյուլերի (Արա Գյուլերյան) և «Դողուշ» հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը:

Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում տեղակայված թանգարանի առաջին այցելուների դատին են հանձնվել «Սուլող մարդը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են արխիվային լուսանկարներ, պատմվածքներ, նոթեր, տեսանյութեր, անձնական իրեր, գրքեր, լուսանկարչական սարքեր:

Նշենք, որ Գյուլերի արվեստը, ինքնությունն ու կենցաղն ապագա սերունդներին փոխանցելու նպատակով է հիմնադրվել միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանող Թուրքիայի առաջին լուսանկարիչ-արվեստագետի թանգարանը: Բացման արարողության ժամանակ տոնել են նաև Գյուլերի 90-ամյակը:

Արա Գյուլերն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեծ դժվարություններ է կրել, մինչ երկար տարիների ընթացքում կձևավորվեր իր արխիվը: