Այսօր տեղի ունեցած ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը նվիրված քննարկման ժամանակ ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտնեց.

«Ընտրակաշառքի հետ կապված՝ ավելի ընդլայնվել է այն գործողությունների շրջանակը, որոնք տեղավորվում են ընտրակաշառք տալու և վերցնելու տրամաբանության տակ։ Ընտրակաշառք խոստանալը, խնդրելը ևս դասվել են այդ տրամաբանության ներքո:

Ընտրությունների ընթացքում բարեգործությունը նախկինում ընդամենը վարչական իրավախախտում էր, այժմ փոփոխությունների փաթեթով առաջարկվում է այդ արգելքի խախտումը համարել հանցագործություն»,- ասաց նա։

Անդրադառնալով ընտրատեղամասում կարգուկանոնը պահելուն՝ Իոաննիսյանը նշեց, որ նոր հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքում, երբ տեղամասում գտնվելու իրավունք չունեցող մարդը նախազգուշացվելուց հետո շարունակում է մնալ այնտեղ։ Վարչական պատասխանատվություն է սահմանվել նաև այն դեպքում, երբ տարածքում գտնվելու իրավունք ունեցող անձինք տեսանելի կերպով չեն կրում վկայականները։

«Բացի այդ, թեկնածուներն ու դիտորդները, վարչական իրավախախտում նկատելու դեպքում, շրջանցելով ընտրական հանձնաժողովը, կարող են միանգամից դիմել դատարան։ Այս նորմը ոչ միայն պարզեցնում է գործող կարգերը, այլ նաև դիտորդներին հնարավորություն է տալիս ավելի անմիջականորեն մասնակցել օրինականության վերահսկմանը», - նշեց բանախոսը։