«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը տարին եզրափակում է ամենախոշոր մշակութային իրադարձությամբ: Երևանում մեկ բացառիկ համերգով հանդես կգա լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը:

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի եզրափակիչ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր արդեն Հայաստան ժամանած հանրահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը և փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

«Ուրախ եմ, որ Երևանում եմ, շնորհակալ եմ, որ եկել եք, հույս ունեմ ձեզ տեսնել իմ համերգին»

Խոսելով վաղը՝ դեկտեմբերի 27-ին նախատեսվելիք համերգի մասին, դաշնակահարն առանձնացնում է Բեթհովենի 29-րդ Սոնատը. «Սա բարդագույն գործ է, միաժամանակ՝ դաշնամուրային գրականության լավագույն նմուշներից մեկը»:

Անդրադառնալով հայ և հայազգի կոմպոզիտորներին՝ դաշնակահարն առանձնացրեց Արամ Խաչատուրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի անունները. «Կոմիտասի «Կռունկն» իմ ամենասիրելի գործերից մեկն է: Առհասարակ պետք է նշեմ, որ ինձ հետաքրքրում է հայկական հնագույն մշակութային ժառանգությունը: Ես լսում եմ ձեր լեզուն, որը չեմ հասկանում, սակայն նմանեցնում եմ այն ձեր վսեմ ու խստաշունչ ճարտարապետությանը»:

Տեղեկացնենք, որ աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մասնակցությամբ մենահամերգը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 19-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: