Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը հայտարարել է հուլիսի հաղթող նախագիծը՝ Դանիիլ Արուտյունովի Canyoning-ը:

Այս սպորտաձևը դարձել է արկածային տուրիզմի այցեքարտ բազմաթիվ երկրներում։ Հայաստանում այս մասին ցավոք քչերը գիտեն, եզակի մարդիկ են փորձել։

Նախագծի նպատակն է ՀՀ-ում զարգացնել արկածային տուրիզմի նոր տարբերակ՝ կանյոնինգը: Դա արկածային զբոսանք է կիրճի և գետի մեջ։ Զբոսանքի ընթացքում պետք կլինի լողալ, ջրվեժներից իջնել պարանով, թռնել ժայռերից ջրի մեջ, սահել թեք ժայռերի վրայով, մագլցել և այլն։ Այդ ճանապարհը հնարավոր կլինի անցնել 2-6 ժամում, գետի հոսանքի ուղղությամբ։

Ինչպես նշվում է, Հայաստանում արդեն կան 4 հետազոտված գոտիներ, որտեղ հնարավոր է կազմակերպել նմանատիպ ժամանց։ Հայաստանի կլիման թույլ է տալիս համապատասխան գույքի օգտագործման դեպքում զբաղվել այս գործունեությամբ տարվա մեջ մինչև 8 ամիս։