Դեռ վերջերս քչերն էին հավատում, որ Հայաստանում կարող է ձիթապտուղ աճել, քանի որ դրա համար անհրաժեշտ է միջերկրածովյան կլիմա: Սակայն Կարո Կարապետյանը որոշեց փորձել ձիթենի մշակել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որը միակ մերձարևադարձային շրջանն է Հայաստանի տարածքում:

Նա վաճառեց իր երկու տները Երևան և Աբովյան քաղաքներում, գնեց 6 հեկտար հող Մեղրիի հարևանությամբ գտնվող Ալվանք գյուղում և 2002թ.-ին այստեղ տնկեց Հունաստանից ներկրված ձիթենու տնկիներ: Եվ ինպես ասում են՝ «ով խիզախում է նա հաղթում է»: Շուտով ծառերը առատ բերք տվեցին: Աստիճանաբար Կարո Կարապետյանն ընդլայնեց իր բիզնեսը և 2017թ-ին սկսեց օրգանական ձիթապտղի յուղի արտադրությունը՝ «ԱԼՎԱՆ» ապրանքային նշանով: Հայաստանում առաջին անգամ կարողացան օրգանական ձիթապտղի յուղ ստանալ սառը մամլման եղանակով: