Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում, ոստիկանության ենթակայության տակ գտնվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ում։ Այդ մաիսն հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

Սանասարյանի խոսքով՝ այս պահին ուսումնասիրություններ են ընթանում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ԵՊՀ-ում, ինչպես նաև Էջմիածին քաղաքում, հայտնում է Panorama.am-ը։

«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում 40 մլն դրամով նվազեցրել են նախահաշիվային արժեքը, 140 մլն դրամ առաջիկայում պետբյուջե կվերադարձվի այս ընկերության կողմից։ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից արված խախտումների համաձայն, պետբյուջե է վերադարձվելու 210 մլն դրամ»։

Անդրադառնալով «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ին՝ նշել է.

«ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 100 մլն վերադարձնել պետբյուջե։ Ունենք մի դեպք, երբ 75 մլն սփյուռքի նախարարության կողմից հանձնարարվել է փոխանցել հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարահանելու համար, բայց դրանք նկարահանվել են ասենք «Հ1»-ի միջոցներով, իրավապահ մարմինները կպարզեն, թե այդ փողն ուր է գնացել»։

Դավիթ Սանասարյանը հավելել է նաև, որ ստուգումները պաշտպանության նախարարությունում մի քանի ամսով կհետաձգվեն: