Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանի, Ռև Լեբարեդեանի, Ալեքս Սերոբյանի և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ քննարկել է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները:

Վարչապետն ընդհանրապես ոգևորիչ է համարել թավշյա հեղափոխությունից հետո աշխարհասփյուռ հայության` Հայաստանի զարգացմանն իր գործուն նպաստը բերելու պատրաստակամությունը և ողջունել Թումոյի խորհրդի անդամների` մասնավորապես, ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցելու ցանկությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Թումոն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում` հաշվի առնելով նաև մեր երկիր այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական կրթության հայաստանյան մոդելով:

Նրանք ներկայացրել են խորհրդի մյուս անդամների` Ալեքսիս Օհանյանի, Րաֆֆի Կրիկորյանի հետ համատեղ մշակված առաջարկությունները ՏՏ ոլորտի զարգացման և համագործակցության ուղղությունների վերաբերյալ, այն է` աջակցություն Հայաստանին ՏՏ ոլորտի ընկերությունների հետ (մասնավորապես, Սիլիկոնային հովտում) գործնական կապերի հաստատման գործում, ռազմավարական և գործառնական հարցերով խորհրդատվություն տրամադրում, ներդրումների ներգրավման ուղղությամբ համատեղ աշխատանքի իրականացում, նորարարական թարմ գաղափարների մշակում, տարեկան աշխատանքային հանդիպման կազմակերպում` ռազմավարության շուրջ մտքերի փոխանակության և առաջընթացի վերլուծության համար:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկայացված գաղափարները և առաջարկել ինստիտուցիոնալացնել դրանք` ձևավորել ՏՏ ոլորտի աջակցության խորհուրդ: Նրա առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել` համատեղ մշակել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ, ինչպես նաև մշտական կապի մեջ լինելու նպատակով ձևավորել առցանց շփման աշխատանքային հարթակ: