«Նոր ալիք-2018»-ի մրցութային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը ստացել է առավելագույն 100 միավոր։ Ժյուրիի բոլոր անդամները նրան տվել են 10 միավոր։

Մրցութային առաջին օրվա արդյունքները ներկայացված են «Նոր ալիք-2018»-ի կայքում։

Մրցութային առաջին օրը կատարողները նեկայացրել են համաշխարհային հիթեր։ Գևորգը կատարել է Լաուրա Պերգոլիցի (Laura Pergolizzi) «Lost on You» երգը։

Մրցույթին ելույթ է ունեցել 15 կատարող Ռուսաստանից, Իտալիայից, Մալթայից, Հունաստանից, Ադրբեջանից, Կանադայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից։ 100 միավոր են ստացել նաև Ռուսաստանը ներկայացնող երկու կատարող։

Նշենք, որ Գևորգ Հարությունյանը Կապանից է, մասնագիտությամբ ռեժիսոր է (ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը)։ Գևորգի ամենամեծ երազանքն է հնարավորություն ստանալ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում։ Նա նաև երազում է ելույթ ունենալ հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։

«Նոր ալիք-2018»-ը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին, կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը։