Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Մարտի 1»-ի նոր գործով հարցաքննության չի հրավիրվել։ Այդ մասին նա հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ազատության» հարցին ի պատասխան ոստիկանապետն ասաց, որ 2008թ-ի մարտի 1-ին հերթապահել է Ազատության հրապարակում։

«Այո՛, եղել եմ մի քանի հարյուրավոր ոստիկանների պես», - նշեց Օսիպյանը։

Օսիպյանն անդրադառնալով մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցածին նշեց.

«Զենք-զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր բոլորս էլ տեսել ենք։ Ես չեմ կարող ասել, որ այդ օրը հրապարակ էինք մտել, որովհետև օպերատիվ տվյալներ կային, որ թաքցված նյութեր կան, քանի որ չեմ տիրապետել այդ պահին, թե ինչ է տեղի ունենում։

Իսկ թե ո՞վ է հրաման տվել մարտի 1-ի առավոտյան ժողովրդին բռնի ուժով հեռացնել հրապարակից...», - Օսիպյանը խորհուրդ տվեց հարցնել այդ օրերի ոստիկանության վերադասին։

«Վերադասին հարցրեք՝ այն անձանց, ովքեր այդ օրը վերադաս են համարվել, ես ընդամենը հասարակական կարգ եմ ապահովել», - ասաց նա։

Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ այն ժամանակվա ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու հակաօրինական գործողությունների համար փաստաթղթեր են կեղծել՝ հայտնելով, թե իբր հրապարակում զենքի ու պայթուցիկ նյութերի առկայության մասին ահազանգեր են ստացել: Հարուցվել է քրեական գործ, անուններ առայժմ չեն նշվում։

Նշենք, որ 2008թ-ի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: