Մշակույթի նախարարությունը սահմանել է դրամաշնորհային ծրագիր, որով մինչև մեկ միլիոն դրամ է տրվելու տևական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար: Ծրագիրը լրացնում է մշակութային դաշտում պետական քաղաքականության բացը՝ տեղափոխելով շեշտադրումը գրքաստեղծման հրատարակչական-տպագրական փուլից ստեղծագործական փուլ։ Կարող են անհատապես կամ խմբով դիմել գրողները, գրաքննադատները, հետազոտողները:

Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքները կհրապարակվեն առցանց հարթակներում՝ ապահովելու համար լայն հանրային հասանելիություն:

Դրամաշնորհը տրվելու է հետևյալ ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

ա) գեղարվեստական գրականություն՝

- արկածային արձակ,
- դետեկտիվ արձակ,
- գիտաֆանտաստիկա,
- ֆենթըզի,
- սարսափ պատմություն,
- գեղարվեստական հուշագրություն,

բ) հետազոտական աշխատանքներ՝

- հայ գրաքննադատություն,
- հայ մշակույթի տեսություն,
- հայ արվեստի քննադատություն,
- մշակութաբանություն:

Հայտերն ընդունվում են ՀՀ մշակույթի նախարարության կայքէջում («mincult.am») ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի հայտարարության հրապարակմանը հաջորդող 25 օրվա ընթացքում: Հայտի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել «[email protected]» էլեկտրոնային հասցեին:

Հայտի փաթեթը պետք է պարունակի՝

◆ հայտի ձևաթուղթը,

◆ նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված,

◆ նախատեսվող գեղարվեստական արձակից հատված (նվազագույնը՝ 10 էջ),

◆ հայտատուի ինքնակենսագրությունը (CV),

◆ անձը և բնակության վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Նշենք, որ ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը Հայաստանի ազգային գրադարանում գործող «Գրականության հանրահռչակման բաժնի» միջոցով իրականացվող առաջին դրամաշնորհային ծրագիրն է: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար։