Օրերս, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտեցին պետական միջոցների յուրացման հերթական դեպքը։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են.

«Համագործակցելով ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014-2017թթ-ին, Վարդենիսի նախկին քաղաքապետը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, յուրացրել է շուրջ 6,100,000 դրամ։ Նախնական քննությամբ պարզվել է, որ քաղաքի փողոցները լուսավորելու պատրվակով քաղաքապետը համայնքի միջոցներով 258 նոր հենասյուն գնելու համար պայմանագրեր է կնքել մի քանի կազմակերպության հետ։ Նախնական համաձայնությամբ, խողովակներից 91-ը քաղաքապետն ընդունել է մասնակի, հնամաշ և օգտագործած վիճակում։ Արդյունքում՝ յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումարը։

Պարզվել է նաև, որ 2017թ-ին քաղաքապետը համայնքի միջոցներով գնել է ուղեհարթիչի՝ գրեյդերի 6 անվադող։ Առանց համապատասխան իրավական հիմքերի դրանք տրամադրել է եղբորը պատկանող ընկերությանը՝ պետությանը պատճառելով 996,000 դրամի վնաս։
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։
Քննությունը շարունակվում է։