Ռուսաստանցի մասնագետներին թույլ են տվել մտնել Հայաստանում ամերիկյան լաբորատորիաներ, որոնք զբաղվում են կենսաբանական նյութերի հետազոտություններով, «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ ռուսաստանցի մասնագետներին թույլ են տվել մտնել այդ լաբորատորիաներ», - նշել է նա:

Նրա խոսքով՝ ռուսաստանցի մասնագետները «երբեք հասանելիության խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից, երբ ես դարձա Հայաստանի վարչապետ»:

Այդ լաբորատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո են, պարզաբանել է Փաշինյանը:

«Մենք պատրաստ ենք համագործակցության, և ռուսաստանցի մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այնտեղ, այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա»,- հավելել է Հայաստանի վարչապետը: Նա ընդգծել է, որ այդ լաբորատորիաները «շատ լավ որակ ունեն»:

«Դա ոչ մի կերպ չի կարող օգտագործվել ընդդեմ Ռուսաստանի: Հակառակը՝ մենք հրավիրում ենք ռուսաստանցի մասնագետներին և պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք այնտեղ արդեն եղել են, և երբ կրկին ցանկանան, սահմանափակումներ չեն լինի», - եզրափակել է վարչապետը: