Այս տարվա 8 ամիսների (հունվար-օգոստոս) ընթացքում ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 880․1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 670․7 մլրդ. դրամը՝ հարկային մարմիներին կողմից, իսկ 209․4 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, փոխանցում է News.am-ը։

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ եթե մինչև այս տարվա հունվարի 1-ը բյուջետային եկամուտ կամ հարկային եկամուտներ ասելիս հասկանում էինք պետական բյուջեի հարկերի գծով հավաքագրված համախառն մուտքեր, հանած հարկ վճարողներին վերադարձված գումարներ, ապա այս տարվանից հարկային եկամուտ ասելով հասկանում ենք բյուջե մուծված համախառն մուտքեր, որոնց գծով պետությանը ներկայացվել են հաշվետվություններ. որևէ գերավճար այլևս չի որակվում որպես հարկային եկամուտներ:

ՊԵԿ նախագահի խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 120․8 մլրդ դրամ՝ 15․9 տոկոս։ 2017թ-ի 8 ամիսներին հարկային մուտքերը կազմել են 759,2 մլրդ դրամ:

«2018թ-ի 8 ամիսների ընթացքում մենք վերադարձրել ենք 67,2 մլրդ դրամ: Դրանք հիմնականում ԱԱՀ գումարներն են, հիփոթեքային վարկերի գծով եկամտահարկի գումարներն են: 2017թ-ին վերադարձրել ենք 24,5 մլրդ դրամ:

Կարող ենք ասել, որ բյուջե մուծված գումարների հարկերի գծով զուտ մուտքերը կազմել են 812,8 մլրդ դրամ, 2017-ին դա եղել է 734,7 մլրդ դրամ», - ասաց Անանյանը:

Նա նա- մանրամասնեց, որ ֆինանսների նախարարության հետ աշխատելու գործընթացում ունենում ենք որոշակի ճշգրտումներ.

«Ֆիննախը ներկայացնում է փաստացի կատարողականը: Հետևաբար, Ֆիննախը 880 մլրդ դրամից պետք է հանի գանձապետական միասնական հաշվեհամարին սեպտեմբերի 1-ի դրությամբ մնացած գումարը, որը կազմում է 39 մլրդ դրամ: Հետևաբար, եթե 880-ից հանենք 39 մլրդ դրամը, կստանանաք 831 մլրդ հարկային եկամուտ»:

Դավիթ Անանյանը նկատեց, որ այս ցուցանիշները որևէ բան չեն ասում, որովհետև սովորաբար համադրում են եռամսյակային, կիսամյակային տվյալները, հետևաբար համադրել հնարավոր կլինի սեպտեմբերի ավարտից հետո: