Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Վլադիսլավ Պետլյանսկու անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալ:

77 կգ քաշային կարգի եզրափակիչը ստացվել է հայկական: Կարապետ Չալյանը 3:1 հաշվով հաղթել է Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին: Չալյանի ու Ջուլֆալակյանի միջև վերջին 3 գոտեմարտերում հաղթել է Կարապետը: Այս տարի նա Արսեն Ջուլֆալակյանին հաղթել էր նաև Հայաստանի առաջնության եզրափակչում ու Կիևում կայացած միջազգային մրցաշարում։

Վարշավայում ոսկե մեդալակիր էին դարձել նաև Նորայր Հակոբյանը (55 կգ) և Սլավիկ Գալստյանը (63 կգ): Գևորգ Ղարիբյանը և (60 կգ) Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճել են արծաթե մեդալ: Եզրափակիչում Ղարիբյանը 2:10 հաշվով պարտվել է չինացի Էրբատո Տուոյին, իսկ Ասլանյանը պարտություն է կրել Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանից (3:7):

Հիշեցնենք, որ Վարշավայի մրցաշարում հանդես էր եկել նաև Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Գյումրեցի ըմբիշը բրոնզե մեդալը պետք է վիճարկեր Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախիլաշվիլու հետ, սակայն վնասվածքի պատճառով չէր ներկայացել գոտեմարտին:

97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը 2 հաղթանակներից հետո կիսաեզրափակիչում տուշեով պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին, որը եզրափակիչում 7:0 հաշվով հաղթել է բուլղարացի Նիկոլայ Նիկոլաև Բայրյակովին: