Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է ամենամյա Երևանյան միջազգային 12-րդ փառատոնը, որի գլխավոր հովանավորն է Կոնվերս բանկը: Այս տարի փառատոնը նվիրված Է Երևանի 2800-ամյակին:

Կոնվերս Բանկի մշակութային նախաձեռնություններից առանձնացվել են Մոնսարատ Կոբալյեյի այցը Հայաստան և Արցախ, Աստոր Պիացոլայի հանրահռչակ «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա տանգոյի բեմադրությունը, Բարբոզա տրիոյի երևանյան համերգները:

Նշենք, որ ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 7 սիմֆոնիկ և 2 կամերային համերգներ, 1 օպերային ներկայացում, ինչպես նաև 2 մենահամերգ: Ի թիվս շատ ստեղծագործությունների, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի նաև համաշխարհային պրեմիերաներ: Տեղի կունենան դասական երաժշտության երեկոներ: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին՝ Ջ. Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրությամբ, որը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Փառատոնի բոլոր համերգները կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: